«Էրեբունի» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1991 թվականին՝ «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման մեծ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գործում են անհետաձգելի բուժօգնության, ախտորոշիչ, վիրաբուժական, թերապևտիկ, սրտաբանական և սրտանոթային ինվազիվ վիրաբուժության և նյարդավիրաբուժության ծառայություններ: Կենտրոնն ունի շուրջ 100 բաժանմունք ու բաժին, ինչպես նաև ծննդատուն ու պոլիկլինիկա, ինչպես նաև Միջուկային բժշկության Եվրոպական կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը տարեկան ծնվում է շուրջ 6.000 երեխա, պոլիկլինիկան սպասարկում է 36.000 բնակչի: Բժշկական կենտրոնն աշխատում է վերջին սերնդի ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: ՀՀ կառավարության ներդրած խոշոր և ռազմավարական ծրագրերը հաջողությամբ իրականացվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կենտրոնում աշխատում է 480 բժիշկ և 685 բուժքույր: Տարբեր բաժանմունքներում օրական ավելի քան 600 պացիենտ ստանում է ստացիոնար բուժում:Կենտրոնը բժշկական ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բնակիչներին, այնպես էլ օտարեկրյա քաղաքացիներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնը հսկայական ներդրում ունի Հայաստանում բժշկագիտության եւ բժշկական ծառայությունների զարգացման գործում: Բժշկական ծառայությունների արդիականացման նպատակով կենտրոնը մշտապես աշխատում է նոր նախագծերի և ծրագրերի ներդրման վրա՝ անընդհատ արդիականացնելով նյութատեխնիկական բազան: Ընդլայնելով կապերն աշխարհի հայտնի կլինիկաների հետ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնը հայ բժիշկների և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև բազմակողմանի համագործակցության հնարավորություններ է ստեղծում: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ունի տեղական և միջազգային բազմաթիվ պարգևներ և վկայագրեր:
Կարծիքներ
